National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.09.2022
Կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը
1 / 2

Կառավարությունն առաջարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրել, թե ինչ է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը: Աշխատանքային օրենսգրքում սահմանվում է, որ արգելվում է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը: Առաջարկվող փոփոխությամբ պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որեւէ ձեւի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը, զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը, յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանը սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Այս դրույթները խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է սեպտեմբերի 12-ի հերթական նիստերում՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եվ աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ:

Փաթեթը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը, ԱՄԿ N 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում կհամապատասխանեցվի պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից: Վերոգրյալի արդյունքում կբարելավվի նաեւ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am